«Խոսող կտավներ» մշակութային ներառական նախագիծը ARARAT թանգարանի աջակցությամբ
Հունիսի 30-ին «Սարեր» մշակութային կազմակերպությունը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իրականացրին «Խոսոս կտավներ» նախագիծը, որն իր ներառական բնույթով հնարավորություն ընձեռեց տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց բացահայտել Մարտիրոս Սարյանի հայտնի կտավներից մի քանիսը։ Ցուցահանդեսի բացման արարողությունն իրականացվեց ARARAT թանգարանի աջակցությամբ։
«Խոսող կտավներ» ծրագրի շրջանակում վերարտադրվել են Սարյանի կտավներից 6-ի շոշափելի կրկնօրինակները, այդ թվում «Հայաստան» պաննոն (1964)։ Կտավների շոշափելի պատճենները տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն ընձեռեցին տարբերակել նկարում պատկերված հերոսների արտաքին նկարագրերը, բնապատկերները, իսկ ձայնային մեկնաբանության շնորհիվ հնարավոր եղավ ունկնդրելու նկարներում պատկերված դրվագների մանրամասն նկարագրությունը։
ARARAT հայկական կոնյակն ուղեկցեց միջոցառման հանդիսավոր հատվածը։ Նախագիծը ևս մեկ անգամ ընդգծեց թանգարանների միջև միջմշակութային օրակարգ ձևավորելու կարևորությունը, ինչպես նաև արվեստը հասանելի դարձրեց առավել լայն լսարանի։
«Յուրաքանչյուր թանգարանի ամենակարևոր մասը հենց այցելուն է։ Այս նախաձեռնության շնորհիվ Սարյանական գույները հիանալի հնչեղություն ստացան այցելուների առավել լայն շրջանակի համար», - նշում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։
«Մեծ ոգևորությամբ աշխատեցինք նախագիծն իրականացնելու համար՝ նկատի ունենալով, որ բոլոր ջանքերը պետք է ներդնենք այն բարձր մակարդակով իրականացնելու համար։ Ինքս լինելով արտերկրի բազմաթիվ թանգարաններում կարող եմ վստահեցնել, որ նման ծրագրեր շատ հազվադեպ կարելի է տեսնել», - ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։