Նոր նշանավոր կուպաժ


Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է կոնյակի սահմանափակ թողարկում` ARARAT 25: Նշանավոր կուպաժը հանրությանը կներկայացվի հոբելյանական տոնակատարության նախօրեին:
Սեպտեմբերին հազարամյակների պատմություն ունեցող լեգենդար երկիրը տոնելու է իր նորագույն պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը` Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակը: Հայաստանը ունի բացառիկ պատմություն, որը միահյուսված է մեծագույն քաղաքակրթությունների ճակատագրերի և փառքով պսակված անհատների հետ: Հայկական հնագույն ու միջնադարյան թագավորությունները հաճախ են ականատես ու մասնակից եղել մարդկության պատմության տարեգրքի ամենադրամատիկ պահերին և ամենափառավոր իրադարձություններին: Միևնույն ժամանակ՝ բոլոր դարաշրջաններում Հայաստանը հայտնի է եղել որպես անասելի առատաձեռնության և անսահման հյուրընկալության, մեծահոգի, խիզախ ու հայրենիքին նվիրված մարդկանց երկիր:
ARARAT կոնյակը իրավամբ համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Այս ազնվական խմիչքն իր մեջ է ներառել լավագույնը, ինչ կարող է տալ հայկական հողը` պայծառ արևն ու գույների առատությունը, սերն ու նվիրվածությունը գործին, ավադույթների հանդեպ հարգանքն ու ազգային հպարտությունը: Իր հիմնադրման օրվանից ARARAT կոնյակը եղել ու մնում է երկրի և իր ժողովրդի կյանքի կարևոր բաղկացուցիչը:
ARARAT 25-ը հիրավի Երևանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետների ստեղծագործական գոհարներից է: ARARAT 25-ն առանձնահատուկ կոնյակ է՝ ստեղծված ARARAT տեսականու հեղինակային կուպաժներից և կաղնու տակառներում կես դար հնեցված սպիրտներից: Այս եզակի համադրությունը բացահայտում է փառահեղ կոնյակի էությունը: Բացառիկ խառնուրդն ունի հիասքանչ գույն և հարուստ բազմաբնույթ համ, որում զգացվում են դառը շոկոլադի, թեթև բոված հացի նրբերանգներն ու չամիչի մեղրային քաղցրությունը: Խմիչքը բացվում է սև սուրճի, կաղնու և պղպեղի նոտաներով և ավարտվում քաղցր, երկարատև հետհամային զգացողությամբ: Նրբագեղ տուփով ARARAT տեսականու կոնյակների պրեմիում շիշը զարդարված է պետական զինանշանով:
Հայաստանի պատմության քմահաճ շրջադարձերը` հաղթանակի ու տոկուն համբերության շրջանները, արքայատոհմերի ծաղկումն ու նոր մայրաքաղաքների կերտումը, չէին կարող չանդրադառնալ երկրի ժառանգության վրա: Ինչպես թանկարժեք սպիրտների հապճեպություն չճանաչող հնեցման ընթացքը դրանց համն ավելի նուրբ ու հարուստ է դարձնում, այնպես էլ ամեն նոր շրջան կոփում, միավորում ու հզորացնում է հայ ժողովրդին: ARARAT 25 բացառիկ կոնյակը, պատրաստված Երևանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ սպիրտներից, հայ կոնյակագործների հիասքանչ ձոնն է հայրենի հողին ու մարդկանց:
Այլ նորություններ և իրադարձություններ





