Լեգենդար ARARAT-ը` առաջին անգամ Baselworld-ում


Այս գարուն Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT կոնյակն առաջին անգամ ներկայացվեց Baselworld հեղինակավոր ցուցահանդեսի հյուրերին` ամբողջ աշխարհից ժամանած շքեղության իրական գնահատողներին և մասնագետներին:
Շվեյցարական Բազել քաղաքը ավանդաբար հանդիսանում է արվեստի, գիտության և արդյունաբերության կենտրոն, ուր առանձնահատուկ տեղ է գրավում ժամագործությունը: Ամեն գարուն հենց այստեղ են ձգտում հայտնվել առաջին դասի ժամագործական և ոսկերչական տների ներկայացուցիչները, որպեսզի մասնակցեն ոլորտի ամենանշանակալից իրադարձությանը` Baselworld ցուցահանդեսին:
Մարտի 23-ից 30-ը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Breitling-ը, Longines-ը, Cartier-ն, Rado-ն, de Grisogono-ն, Omega-ն, Bvlgari-ն, Chanel-ը և շատ ուրիշներ ներկայացրեցին ժամագործության և ոսկերչական աշխարհի Haute Couture-ը` ցուցադրելով իրենց նորագույն ձեռքբերումները և ազդարարելով 2017-ի միտումները: Գրեթե մեկ դար պատմություն ունեցող ցուցահանդեսը ձեռք է բերել իր ոլորտի ամենահեղինակավոր միջոցառման համբավը, և այս գարուն ARARAT լեգենդար հայկական կոնյակն առաջին անգամ ներկայացվեց Baselworld-ին:
Կոնյակի ստեղծման, ինչպես և ժամացույցի ճշգրիտ շարժասարքի պատրաստման ընթացքը պահանջում է հոգևոր և ֆիզիկական հավասարակշռություն, առանձնահատուկ համբերություն և մեծ վարպետություն, որ դարերով փոխանցվում է սերնդեսերունդ: Ինչպես ժամագործն է կյանք հաղորդում իր ստեղծագործությանը, այնպես էլ կոնյակագործ վարպետը օգտագործում է իր բոլոր գիտելիքներն ու ներշնչանքը` հարյուրավոր սպիրտներից ընտրելու հենց նրանք, որ կկազմեն ARARAT կոնյակներից յուրաքանչյուրի անկրկնելի բնույթը: Հավատարմությունը ավանդույթներին, փխրուն հավասարակշռությունը պահպանելու և ժամանակն իրեն ենթարկելու ունակությունն է մշտապես միավորում ժամագործությունն ու կոնյակագործության արվեստը:
Baselworld-ի շրջանակներում ստեղծվեց բացառիկ ինտերակտիվ արտ-տարածք, որտեղ ցուցահանդեսի հյուրերը կարողացան ներշնչվել ARARAT-ի նրբագեղ համտեսի արարողությունով, որ բացահայտում է հայկական կոնյակագործության արվեստի և դրա գոհարի` թանկարժեք ARARAT «Էրեբունու» զարմանալի առեղծվածները: Ծեսի համար ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեն ստեղծել է համտեսման հատուկ տուփ, որ պատրաստված է կարմիր փայտից և իր մեջ է ներառում խորհրդավոր հանդիսության բոլոր անհրաժեշտ պարագաները, հանդիսության, որ պարգևում է ARARAT-ի անմոռանալի պահերը:
ARARAT Էրեբունու կատարյալ կուպաժը իր մեջ միավորում է ավելի քան 30 հազվագյուտ հնագույն սպիրտներ, որոնք տարիներ շարունակ Երևանի կոնյակի գործարանի մառաններում սպասել են իրենց ժամին: Սրանով է պայմանավորված խմիչքի հագեցած սաթի գույնը՝ կարմրափայտի նրբերանգներով: Կուպաժի ամենահին սպիրտը թվագրվում է 1934 թ. և ընդգծում է խմիչքի վեհությունը:
ARARAT Էրեբունի կոնյակն առանձնանում է նրբագեղ բույրով և թավշյա համով: Չորամրգերի գայթակղիչ համերանգները ներդաշնակորեն միահյուսվում են շաքարված նարնջի և վանիլի նրբահամերի հետ: Համը պատվում է շոկոլադի և բոված պնդուկի երանգներով: Իսկ երկարատև հետհամը տալիս է հնացված կաղնեփայտին բնորոշ հաճելի տտիպություն՝ ծիրանի և սև սալորաչրի համադրությամբ:
ARARAT-ի արտահանման քարտեզը ներառում է ավելի քան 30 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Լեհաստանը, Գերմանիան, Սլովակիան, ինչպես նաև Շվեյցարիան, որտեղ Էրեբունին այս տարի առաջին անգամ կներկայացվի: Եվ սրանով իսկ էլ ավելի նշանակալից է հայկական լեգենդար կոնյակի մասնակցությունը Baselworld-ին, որտեղ կհավաքվեն գեղեցիկի, ավանդույթների և վարպետության նրբախնդիր գիտակներ, ովքեր կկարողանան ըստ արժանվույն գնահատել ARARAT-ի գլխավոր մարգարտի ազնվական փայլի ամբողջ լուսապատկերը:
Այլ նորություններ և իրադարձություններ

























