«Այվազովսկի և Ծովանկարիչները» խորագրով ցուցահանդեսի բացումը Մինսկում


Հուլիսի 7-ին Բելառուսի Հանրապետության գեղարվեստի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Այվազովսկի և Ծովանկարիչները» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը նվիրված է հայտնի ծովանկարչի ծննդյան 200 ամյակին: Ցուցահանդեսի առանցքը թանգարանի հավաքածուի Այվազովսկու ամենամեծ կտավն է: Այն երկար տարիներ պահվել է ֆոնդերում, սակայն ԱՐԱՐԱՏ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ վերանորոգվել է և այժմ հասանելի է հանրությանը:
Միջոցառումը մեկնարկեց Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովի խոսքով, ով պատմեց, թե ինչպես է իրագործվել նախագիծը և ողջունեց բոլոր հյուրերին, որոնց շարքում էր Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Դեպանը նույնպես հանդես եկավ հանդիսավոր խոսքով՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակազմին և հույս հայտնելով հայ-բելառուսական հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ:
«Այվազովսկի և Ծովանկարիչները» ցուցահանդեսը զբաղեցնում է չորս սրահ և այցելուներին ներկայանում է Ալեքսեյ Բոգոլյուբովի, Վալենտին Սերովի, Նիկոլայ Դուբովսկոյի, Լև Լագորիոյի, Գաբրիելո Կասսեսիի նկարներով և, իհարկե, անգերազանցելի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մի քանի տասյնակ գործերով, ով առավել հայտնի է որպես Իվան Այվազովսկի: Ցուցահանդեսին ներկայացված են ծովանկարչի և՛ գեղանկարները, և՛ գրաֆիկան, ներառյալ մասնավոր հավաքածուներից մի քանի գործ:
Ցուցադրության զարդը, սակայն, դարձավ «Փոթորիկը Ազովի ծովում 1886 թ.-ի ապրիլին» վերնագրով 2X3 մետրի հսկայական կտավը: Այս նկարը երկար տարիներ շարունակ չի ցուցադրվել, քանի որ վերանորոգման կարիք ուներ, շրջանակը նույնպես անմխիթար վիճակում էր: Սակայն բելառուս ռեստավրատորների ջանքերի շնորհիվ կտավը վերականգնվեց, իսկ Իտալիայից ձեռք բերվեց նոր շրջանակ: Այս կարևոր քայլը ֆինանսավորել է ԱՐԱՐԱՏ-ը, և այժմ հայտնի նկարը կարող է կրկին ուրախացնել ու հիացնել հանրությանը:
«Փոթորիկը Ազովի ծովում 1886 թ.-ի ապրիլին» կտավի հիմքում իրական դեպքեր են: 1886թ.-ի ապրիլին Ազովի ծովում իսկապես փոթորիկ է եղել, որը «Բազե» առագաստանավի կործանման պատճառ է հանդիսացել: Զոհվել է ամբողջ անձնակազմը, բացառությամբ մի նավաստու, ում հաջողվել է փրկվել՝ կապելով իրեն կայմի վերին հատվածին:
Այլ նորություններ և իրադարձություններ






































































































