ԱՐԱՐԱՏ-ը «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսի բացման արարողության պաշտոնական գործընկեր


Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը Հայաստանի ազգային պատկերասրահը նշում է առանձնահատուկ շքեղությամբ՝ Հայաստանում առաջին անգամ ցուցադրելով վարպետի բացառիկ կտավներից մի քանիսը:
Ցուսահանդեսն իր դռներն առաջինը բացեց ԱՐԱՐԱՏ-ի հյուրերի առջև սեպտեմբերի 13-ին կազմակերպված նախամեկնարկային փակ շրջայցին: Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու ԱՐԱՐԱՏ կոնյակները, ինչպես նաև ԱՐԱՐԱՏ-ի հիման վրա պատրաստված կոկտեյլները:
Ցուցահանդեսին ներկայացվեց հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի. 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ: Բացառիկ ցուցադրությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Այվազովսկու հանրահայտ կտավներից մեկը՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի աշխարհահռչակ «Քաոս.Աշխարհի արարում» կտավը:
Սպասված շրջայցից առաջ հյուրերին ողջունեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ով իր բացման հանդիսավոր խոսքի մեջ նշեց ցուցահանդեսի կարևորությունը և այցելուներին հրավիրեց վայելելու բացառիկ ցուցանմուշները՝ «Քաոս» ստեղծագործությունից ընդհուպ մինչև «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որոնք հանդիսանում են ցուցահանդեսի առանցքը, քանզի ինչպես պարզաբանում է Արման Ծատուրյանը՝ «Աստված ստեղծեց աշխարհը, իսկ մարդկության երկրորդ սկիզբը դարձավ Արարատը»:
Նախամեկնարկային փակ շրջայցի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակի աջակցմամբ տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ինչպես նաև այլ պաշտոնական անձինք: Բացմանը ներկա էին նաև Այվազովսկուն նվիրված գիտաժողովի մասնակիցները, որոնք նախքան միջոցառման պաշտոնական բացումն այցելեցին ԱՐԱՐԱՏ թանգարան:
Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 15-ից մինչև հունվար՝ ցուցադրությամբ զմայլվելու հնարավորություն ընձեռելով բոլոր ցանկացողներին:
Այլ նորություններ և իրադարձություններ


















