«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» նախագծի հոբելյանական միջոցառում


«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի» հոբելյանական հանդիպման հյուրն էր ճանաչված լրագրող, հեռուստահաղորդավար և գրող Վլադիմիր Պոզները:
«Ես երբեք չէի մտածել, որ լրագրող դառնամ», — գրում է Մոսկվայի պետական համալսարանի կենսահողաբանության ֆակուլտետի շրջանավարտ Վլադիմիր Պոզներն իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքում, որը «Օրակուլ» հրատարակչության շնորհիվ վերջերս հրատարակվել է հայերեն լեզվով: Ճակատագրի բերումով բազմաթիվ մասնագիտական մրցանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Հեռուստատեսային արվեստի և գիտության ազգային ակադեմիական մրցանակի եռակի դափնեկիր Վլադիմիր Պոզները կապել է իր մասնագիտական գործունեությունը լրագրության հետ՝ ողջ կարիերայի ընթացքում մշտապես բացահայտելով իր վարպետության նոր եզրերը:
Որտե՞ղ է սուբյեկտիվ մոդալության և հեղինակային կարծիքի սահմանը, ե՞րբ է «մերկ փաստերի» հնչեցումը դառնում դիրքորոշում, և պատրանքային չէ՞ արդյոք սոցիալական ցանցերի ազդեցությունը լրատվամիջոցների վրա:
«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի 5-րդ միջոցառումը քննարկեց ժամանակակից լրագրության արդի հարցերը, մասնավորապես, նոր իրականության համատեքստում իր մարտահրավերները և հեռանկարները:
Որպես ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագիծ՝ ուղղված նաև միջթանգարանային կապերի ամրապնդմանը, «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն» երկրորդ անգամ անցկացվեց հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում:
Նախագծի հեռուստատեսային տարբերակը ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:
«ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն» բացառիկ arttainment նախագիծ է, որն անց է կացվում հանրային քննարկում (public talk) ձևաչափով: Այն հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր հանդիպում են ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի տեսքով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար: «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի» խոսնակներ են եղել Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Իտալիայի ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը, հայտնի դերասան Ջոն Մալկովիչը, դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն և ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերը:
Այլ նորություններ և իրադարձություններ

















































































