ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
Հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք Ոսկե ծիրան 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
Այսպես՝ Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ հետայսու փառատոնի արարողակարգային հայեցակարգի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի համար AHA collective-ը թողարկել է ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին։ Կին գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստված 7 եզակի կարպետները, որոնք կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուն, հուլիսի 7-ին կազդարարեն և կձևավորեն տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ։
Փառատոնի այս շրջադարձային փոփոխությանն ընդառաջ, ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective-ի հետ համատեղ կազմակերպում է Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների՝ իր թողարկած առաջին ժամանակակից գորգերի` «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը, որը արվեստագետի կողմից ստեղծված դիզայնի հիման վրա 2023 թ.-ի Սյունիքի Վերիշեն գյուղում գործեցին կին գորգագործները։
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։
«Ժամանակակից մշակութային աշխարհը որոշակի իմաստով մարդկանց ուշադրության և տպավորությունների համար թեժ պայքար է։ Գաղտնիք չէ, ցանկացած կինոփառատոն վաղուց արդեն դադարել է լինել միայն ու միայն արժանի կինոյի ստուգատես։ Տասնամյակների ընթացքում փառատոնները պարուրվեցին սիմվոլիզմով, որը և հաճախ հյուսում էր այս կամ այն փառատոնի պատմությունը։ Հիշենք Կաննի փառատոնի երկարամյա նախագահ լեգենդար Ժիլ Ժակոբին, ով տարիներ շարունակ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ մեկնում էր իր ձեռքն աստիճաններով բարձրացող դերասաններին՝ խորհրդանշորեն բերելով իրենց փառատոնի օլիմպոս։ Կարծում եմ, կարմիր գորգը, որպես փառատոնի սիմվոլներից մեկը և՛ հանգուցային է, և՛ ուշագրավ։ Վերափոխել փառատոնի այս դրվագը թերևս որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից։ Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկներ ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության հիմքում ընկած է Վարպետությունը։ Վարպետի ստեղծագործական աշխատանքն է, որ պսակում է բնության առատաձեռնությունն ու դարերի ավանդույթները և հրավիրում մշակույթը բացահայտելու ճամփորդության»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
«Ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոնները, սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նոր ավանդույթի ստեղծումը»,- ասում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Գորգարվեստը հայկական մշակույթի առանցքային դրսևորումներից է` իր դարավոր պատմությամբ ու վարպետությամբ և միջազգային բարձր ճանաչմամբ։ Ուրախ եմ, որ 2023 թ.-ից ի վեր AHA Collective-ը Դավիթ Քոչունցի հետ միասին սկսել է ժամանակակից բովանդակություն և նոր ձևեր բերել հայկական գորգարվեստում` կին գորգագործների հետ համագործակցությամբ։ Կարևոր է, որ թե՛ արհեստը, թե՛ խորհրդանիշները անընդհատ ընդլայնվեն և արտացոլեն արդի իրողությունները։ Այսպիսով հասարակության մեջ կձևավորվեն նոր մշակութային խոսույթներ և անցյալի ու ներկայի միջև ավելի խորը կապ և փոխըմբռնում։ Քանդելով ու վերաիմաստավորելով կինոփառատոնի կարմիր գորգի դասական խորհրդանիշը՝ «Տեղորոշում» հավաքածուն ժամանակակից կարմիր գորգի նոր ծիսակարգ է առաջարկում` առաջին պլան բերելով արդի խնդիրների մասին արծարծումն ու երկխոսությունը, ինչպես և փառատոնում մատուցվող բազմազան ֆիլմերում», - նշում է Նայիրի Խաչատուրեանը, ցուցադրության համադրող, արվեստաբան, ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր։
«Կինոն ինձ համար շատ կարեւոր է։ Կապը կինոյի հետ ինձ հարստացրել է որպես արվեստագետ, դա ինձ համար հիմք է, որից ես հաճախ օգտվում եմ։ «Ոսկե ծիրան»-ը ամենամեծ փառատոնն է Հայաստանում, որի ժամանակ գորգով անցնում են տարբեր մարդիկ, տարբեր հյուրեր, իսկ գորգը լավագույն մեդիաներից է ներգործություն ունենալու համար և մտքեր ու ձևեր կազմաքանդելու, որից ես երբեք չեմ հրաժարվում ստեղծագործելիս», - պատմում է արվեստագետ Դավիթ Քոչունցը։
Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։