Համընդհանուր պատասխանատվության օր
Հունիսի 7-ին Երևանի կոնյակի գործարանը, ինչպես նաև Պեռնո Ռիկար միջազգային խմբի բոլոր կազմակերպությունները, տոնեց Համընդհանուր պատասխանատվության օրն 8-րդ անգամ:
2011թվ.-ին Պեռնո Ռիկար խմբի կողմից մեկնարկած նախաձեռնությունը կոչված է միավորելու աշխարհով մեկ իր 18500 աշխատակիցներին այն գործերի շուրջ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանմանը, բարելավմանը և կայուն զարգացմանը (Sustainability and Responsibility):
Այս տարի Համընդհանուր պատասխանատվության օրը Երևանի կոնյակի գործարանի ողջ անձնակազմը մեկ ամբողջ օր հատկացրեց Երևանի բուսաբանական այգու բարեկարգմանը՝ այնտեղ իրականացնելով մի շարք աշխատանքներ: Մասնավորապես՝ տնկվեցին 100-ից ավելի սոճիներ, որոնք նախապես ձեռք են բերվել Կոտայքի մարզից: Բարեկարգման աշխատանքները կատարվեցին կաղնու ծառուղում, ինչպես նաև այգու տարբեր աշխարհագրական հողամասերում (Կովկասի, Ամերիկայի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի)։
Հարկ է նշել, որ «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասում տնկվեցին էնդեմիկ, Հայաստանի համար հազվագյուտ, ՀՀ Բույսերի Կարմիր Գրքում ընդգրկված ծառաբույսեր (Ջոնջոլենի փետրատերև, Տանձենի դարելեգիսի, Արոսենի Ռոոպի, Տանձենի զանգեզուրյան, Տանձենի Ֆյոդորովի, Տանձենի Սոսնովսկու, Կտտկենի Տիգրանի, Ցերցիս կամ հուդայածառ Գրիֆֆիտի, Շրջահյուս հունական), որոնք բերվել են Հայաստանի տարբեր մարզերից գիտարշավների ընթացքում:
Բացի այդ, այցելուների համար տեղադրվեցին նստարաններ, աղբամաններ, ինչպես նաև տեղեկատվական ցուցանակներ և բույսերի տեսակների պիտակներ: Կատարվեց նաև այգու 1000 մ պարագիծ ունեցող արտաքին ցանկապատի ներկում։ Ծրագրի գեղագիտական բաղադրիչը ընդգծեց Վարդերի կոլեկցիոն հողամասին կից երեք ծաղկանոցներում ավելի քան 1800 ծաղկաբույսերի սածիլների տնկման աշխատանքները:
«Համընդհանուր պատասխանատվության օրը մեր կազմակերպության կողմից շրջակա միջավայրի պահպանությանը ուղղված գործունեության ամփոփումն է: Այդ օրը ԵԿԳ-ի յուրաքանչյուր աշխատակցին անկախ բաժնից և զբաղեցրած պաշտոնից հնարավորություն է ընձեռվում իր սեփական ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանման և բարելավման գործում, ինչպես նաև ուշադրություն դարձնել այդ ոլորտում առկա խնդիրներին, ինչպիսիք են աղտոտվածությունը, հազվագյուտ բույսերի ոչնչացումը և այլն: Այսպիսի միջոցառումները արդեն վաղուց ավանդույթ են դարձել, որոնցում մենք ներգրավում ենք մեր գործընկերներին և հասարակությանը: Այդպես՝ անցած տարի մենք բարեկարգեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչի արդյունքներն ուրախեցնում են քաղաքի բնակիչներին և մայրաքաղաքի հյուրերին առ այսօր: Հուսով եմ, որ Բուսաբանական այգու հետ մեր համագործակցությունը բոլոր այցելուներին նույնպես բազում հիանալի պահեր կպարգևի»,- նշում է ԵԿԳ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Անդրեյ Պանովը:
«Նախադեպը չունեցող Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնությունը բուսաբանական այգու հանդեպ յուրահատուկ վերաբերմունքի և սոցիալական պատասխանատվության ձևավորման օրինակ է: Բուսաբանական այգին հանդիսանում է կենսաբազմազանության պահպանման և համաշխարհային ֆլորայի հավաքածուների ստեղծման կենտրոն, երկրի առաջատար գիտական հաստատություն բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման բնագավառում: Կցանկանայի ինստիտուտի կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնել Երևանի կոնյակի գործարանի աշխատակազմին Երևանի բուսաբանական այգու բարեկարգման հարցում դրսևորած աջակցության համար»,- նշում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: