«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրություն ARARAT Թանգարանում
«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը։
Նախագծի հեղինակները վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ և առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք պատկերավորվել են արհեստական բանականության օգնությամբ։
«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»․ այս աշխարհահռչակ ստեղծագործությունները` էպոսներ կամ դյուցազներգություններ են, որոնք պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Սակայն հերոսական սխրանքները, հրաշապատում դեպքերն ու տպավորիչ կերպարները բանահյուսության ու գրականության այս հինավուրց տեսակի լոկ առաջին շերտերն են, իսկ խորքում՝ արժեքների պատմությունն է։
Համաշխարհային մշակույթի գանձարանում իրենց մնայուն տեղը զբաղեցրած այս կոթողային գործերն իրենց բազմազանությամբ ու տարբերություններով հանդերձ, ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Այս առանձնահատկությունն էլ հնարավորություն է տալիս էպոսը ստեղծող ժողովրդին ճանաչելու ինքն իրեն, ապա նաև բացում տարբեր ժողովուրդների միմյանց արժեքների ճանաչողության ճանապարհները։
Մարդկության մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից։ Եվ հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը սիրով ներկայացնում է իր այցելուներին։
Ներկայացնում է որպես հարգանքի տուրք նրանց ճանապարհորդությանը դեպի ARARAT․․․
«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ և առաջ արժեքների որոնման պատմություն է։ Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ իմաստով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։ Մասնավորապես՝ ARARAT թանգարանի շրջայցերի դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմություն է։ Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր – ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
«Հայկական հիանալի «Սասնա Ծռերը» և համաշխարհային մյուս էպոսները յուրահատուկ մշակութային կոդեր են, որոնք իրենց տարբերություններով հանդերձ, ներկայացնում են համընդհանուր ու բոլոր ժամանակներում արդիական արժեքներ․ արիություն ու նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին ու համընդհանուր բարոյական նորմերին, վեհանձնություն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում և հավատ սեփական ուժերի ու արդար գործի հաղթանակի նկատմամբ»,- ընդգծում է նախագծի գրական խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանը։