“Convivial Reunion” մշակութային շարքի հատուկ միջոցառումը` ի նշանավորումն Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-ամյակի

Ի շարս Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող մասնաճյուղերի, Երևանի կոնյակի գործարանը նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնաճյուղ ունի, որն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը։
20 տարի առաջ բացվելով որպես խաղողի մթերման կետ՝ այսօր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը համայնքի կարևորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը, որտեղ իրականացվում են կոնյակի արտադրության այնպիսի փուլեր, ինչպիսիք են խաղողի մթերումը, թորումը և հնացումը։
Հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային շարքի հատուկ նախաձեռնությանբ, որի շրջանակներում մայիսի 12-ին ընկերության մասնաճյուղում տեղի ունեցավ «Ցանկապատ» ներկայացման այս թատերաշրջանի առաջնախաղը։
Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացումը նախորդ տարիներին հանդիսատեսին է ներկայացվել Սաղմոսավանքում և Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում` հուզական ապրումների վառ գունապնակի ներքո պատմելով առավել քան 100-ամյա իրադարձությունների մասին։
«Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-րդ տարեդարձը այս մշակութային ձևաչափով նշանավորելու գաղափարը և այս ջերմ երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին ու վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը միավորում է Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարբեր փորձառությունների շուրջ։ Այն իր բնույթով ամփոփում է ընկերության Convivialité գաղափարը՝ աշխատանքի լուսանցքներում միմյանց հետ կիսելու հագեցած և ջերմ պահեր ստեղծելով։
Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն, Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և այլն։
Այլ նորություններ

ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր

«Ամենայն անկեղծությամբ» ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
